ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հզորների հավերժական պայքարը նոր փուլ է մտնում

Հզորների հավերժական պայքարը նոր փուլ է մտնում
17.02.2024 | 06:58

Ինչքան էլ աջ ու ձախ ենք ընկնում, փրկության շատ թե քիչ խելամիտ որևէ ճանապարհ գտնելու համար, միշտ հանգում ենք նույն մտքին, որ կարող ես ամեն ինչ ունենալ առաջընթացի համար, բայց, առաջնորդող գաղափար չունենալով, կարող ես անիմաստ դեգերումներից հետո հայտնվել փակուղում, ինչպես՝ հիմա մենք։

Խորհրդային ահռելի ու հզոր երկիրը փլվեց հենց գաղափարազուրկ դառնալու հետևանքով։

Մինչև Խրուշչովի իշխանության գալը ԽՍՀՄ-ի հզորությունը հենվում էր երկու սյուների վրա՝ 1․ Կոմունիզմի տեսակի գաղափարի վրա, որը, այսպես, թե այնպես, նույնացվում էր արդարության ու առաջընթացի ավելի հեշտ հասկանալի գաղափարների հետ և 2․ Համատարած վախի վրա։

Խրուշչովի կողմից մասնակի ազատականացման անմիջական ու ամենակարևոր հետևանքը եղավ իրենց կյանքի համար մարդկանց վախի վերանալը, իսկ երկրորդ հետևանքն էլ եղավ այն, որ աստիճանաբար մարդկանց աչքերը բացվեցին ու տեսան նախկինում իշխող գաղափարի և իրականության միջև եղած պատնեշը։

Իսկ ցանկացած մեծ գործ տևական կյանք կարող է ունենալ, եթե նա ունի լուրջ գաղափարական հիմք, անկախ նրանից, այդ գաղափարական հիմքը գիտակցված է, թե չգիտակցված։

Այսքան բանը չհասկանալով ու հզոր ԽՍՀՄ-ը թողնելով առանց լուրջ գաղափարական հիմքի՝ Խրուշչովի և հետո էլ Բրեժնևի կառավարած երկիրը աստիճանաբար գլորվեց դեպի քաղքենիական ճահիճը, որտեղ միակ գաղափարը պտտվում էր ստամոքսի շուրջը։

Հենց այս գաղափարական փակուղին էր, որը դարձավ հզորագույն խորհրդային երկրի փլուզման հիմնական պատճառը։

Այսօր նույն անգաղափար վիճակում մենք ենք մնացել և չգիտենք՝ ուր ենք գնում, ինչի համար ենք գնում, բայց մյուս կողմից էլ լող ենք տալիս անհույս փսևդոգաղափարների ծովում։

Այն չի, որ ասենք, թե մենք կարող ենք որևէ լուրջ գաղափար շալակել, քանի որ դա պարզապես մեր ուժից վեր է, բայց գոնե կարող ենք կյանքի կարիքներից բխող զուտ պրակտիկ նպատակներ հետապնդել։

Օրինակ, մեր պայմաններում գերագույն նպատակը պետք է լիներ հնարավորինս ուժեղանալը՝ սեփական հզորությունը մեծացնելով ու հզոր դաշնակից ունենալով։

Առեղծվածային ձևով կարողացանք այնպես անել, որ ոչ մեկն ունենք, ոչ էլ մյուսը ու մնացել ենք մոլորված։

Այս է պատճառը, որ մեր հույսը մնացել է պատահականության և ուրիշների վրա։

Իսկ հզորների կողմից հավերժական պայքարը ազդեցիկության և գերիշխող լինելու համար անորոշություններով լի նոր փուլ է մտնում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2397

Մեկնաբանություններ